Արդարացում գտնելու փոխարեն պետք է հետևողականորեն լուծել խնդիրը. Դ. Խաժակյանը՝ Արամի 23 հասցեի պատի փլուզման մասին
Գիտեմ, որ եղել են կոնկրետ հանձնարարականներ կոնկրետ մարմինների, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք չեն կատարվել, և հիմա Մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Քաղաքաշինության կոմիտեն մտածում են, թե ում էր դա, ի վերջո, ուղղված:
Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով Արամի 23 հասցեի պատմական հուշարձանի պատի քանդման մասին:
Նա հավելեց, որ այս իշխանությունները խնդիրը վերցրել էին այն ժամանակ, երբ դեռևս հնարավորություն կար քայլեր ձեռնարկելու. «Արդարացում գտնելու փոխարեն պետք է հետևողական լուծել խնդիրը, գիտեին, որ քանդվելու է, և ի վերջո, հասան նրան, որ քանդվեց»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում: Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որտեղ անցկացվում էին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, փլուզման եզրին էին։ Հեքեքյանը հայտարարել էր, որ շենքի մի պատը, որը հարակից է Տերյան փողոցին, որտեղ «Հին Երևան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ, ընթանում են «բազմաթիվ նորմերի խախտմամբ», և հենց դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին:
Հեքեքյանը դիմել էր քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ապա հայտնել էր, որ չնայած դրան աշխատանքները նախկինի պես շարունակվում են։










