Եթե Հայկ Մարությանը չհրապարակի, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել անցած տարեվերջին, մենք կդիմենք դատարան. Դավիթ Խաժակյան

19:36 • 14.01.19

Մենք պատրաստ ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունները վիճարկել դատարանում: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տրվող պարգևավճարներին, որոնց թվում են թե՛ քաղաքապետը, թե՛ փոխքաղաքապետը, վարչության պետերը, թաղապետերը, և նրանց պարգևավճարը տրվում է քաղաքապետի կարգադրությամբ: Քաղաքապետի կարգադրությունը պետք է հրապարակվի Երևանի պաշտոնական կայքէջում, և այս առումով այս խնդիրը, որ բարձրաձայնում եմ, կարևոր է, պետք է տեսնել, թե որ պաշտոնյան որքան ու ինչ պարգևավճար է ստացել»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ սրանք անձնական տվյալների գաղտնիք չեն կարող համարվել: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ, ըստ Դավիթ Խաժակյանի, պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը:

 Բացի այդ, նա նշեց, որ 219-ին 1 միլիարդ 200 միլիոնով ավելացել է պարգևավճարների համար հատկացվող բյուջեն: «Քաղաքապետի գործողությունները կվիճարկենք դատարանում, եթե այդ տվյալներն այդպես էլ չհրապարակվեն»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է քաղաքի աղբահանությանն ու մաքրմանը, նա նշեց, որ բացահայտ չի խոսվում, թե ինչ լուծումներ են տրվելու:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք քննադատում են, խոսում են կառավարման ոճի մասին, ոչ թե անձերի: