Օպերայի հարակից սրճարանների տնօրենները հանդիպել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին

19:23 • 14.01.19

Օպերայի հարակից տարածքի սրճարանների տնօրենները հանդիպում են ունեցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի հետ տարածքը սրճարաններից ազատելու՝ Երևանի քաղաքապետարանի որոշումը քննարկելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Օպերայի հարակից տարածքում գործող «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Սրճարանատերերի խնդիրները պետք է ներկայացվեն քաղաքապետ Հայկ Մարությանին: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հանդիպումը կայացել է ուրբաթ օրը, բայց դեռ արձագանք չկա քաղաքապետարանից: Սրճարանի տնօրենը հուսով է, որ քաղաքային իշխանությունների արձագանքը կլինի այսօրվա ընթացքում:

«Մեր պահանջը մնում է նույնը, ոչ մի բան չի փոխվել, մենք ուզում ենք, որ թողեն աշխատենք: Օպերայից սրճարանների կուլտուրան չի վերանում, սրճարանների մի մասը մնում է, բայց իմ սրճարանն ամբողջությամբ քանդում են: Եթե մեկը պետք է մնա, փաստացի, ես պետք է գնամ միայն, ես չեմ գնա: Չեն կարող միայն ինձ հանել, դա խտրականություն է: Ես, որ շատ փող չունեմ, իմ մեջքին մարդ չկա կանգնած նախկին իշխանություններից, ես պետք է գնա՞մ»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Montale Lounge Cafe»-ի տնօրենի խոսքով՝ սրճարանի 240 քմ տարածքից 218-ն ապամոնտաժվելու է. «Մեզ բան չի մնում, մնում է 20 քմ, դա էլ մեր խոհանոցն է: Չեմ կարծում, որ այդքան հատվածում կարող ենք հետագայում աշխատել: Մեր սրճարանը երբեք էլ կանաչ գոտու վրա չի եղել»:

Սրճարանի սեփականատերը փոխհատուցում չի ցանկանում, քանի որ վնասը ոչ միայն զուտ ֆինանսական է, այլ խնդիրն իրենց ապագային է վերաբերում։

«Այստեղ հարցը հետագայում ապրելու միջոցի մասին է: Իմ կյանքի որակին են կպնում, դա է ամբողջ հարցը: Մենք չենք ուզում փող կամ փոխհատուցում, որովհետև մնացողները մնում են»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: