Գործադիր իշխանության կողմից կա պատվեր, որ Քոչարյանը գտնվի կալանքի տակ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան
Կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի այն ժամանակ, երբ առկա են կալանավորման հիմքերը: Երբ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի մասին, դատարանների վրա շատ մեծ ճնշում կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մեծ պատվեր կա, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ»,- ասաց Հ. Ալումյանը՝ նշելով, որ պատվերը ներկայիս գործադիր իշխանության կողմից է:
Հայկ Ալումյանը նշեց, որ ստանդարտ են պատճառաբանությունները, թե կալանավորման պատճառները չեն փոխվում, որովհետև Քոչարյանը ազատության մեջ գտնվելով իբրև կխոչընդոտի քննությանը կամ կարող է թաքնվել քննությունից:
«Դատարանն այսպիսի հարց ուղղեց, թե արդյոք պարոն Քոչարյանը փորձել է քննությանը խոչընդոտել: Քննիչը պատասխանեց, որ չէ, չի փորձել խոչընդոտել քննությանը: Հետո շարունակեց և ասաց, որ գիտեր, որ խոչընդոտելու դեպքում դա կարող էր կալանավորման պատճառ հանդիսանալ»,- մանրամասնեց փաստաբանը:










