Ես տանն եմ, ձերբակալված չեմ, միակ ճշմարտությունն այն է, որ ես ազատվել եմ պաշտոնից. Ոստիկանության արդեն նախկին ծառայող

01:13 • 15.01.19

Ես ձերբակալված չեմ։ Այդ մասին հրապարակումներն անհիմն են ու կեղծ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատված ծառայողը՝ Գոռ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե մի քանի հրապարակում կա, որտեղ նշվում է, որ ինքը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ և ձեբակալված է։

«Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ես հիմա գտնվում եմ մեր տանը՝ երեխաներիս հետ։ Այս հրապարակումների մեջ միակ ճիշտ բանն այն է, որ ես ազատվել եմ ՀՀ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից», - ասաց Գոռ Հակոբյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ազատվել զբաղեցրած պաշտոնից, Գոռ Հակոբյանն ասաց, որ ՀՀ ոստիկանության պետը տասնյակ նշանակումներ և ազատումներ է կատարում։

«Խնդրում եմ լրատվամիջոցներին իմ անվան հետ որևէ կեղծ շահարկում չանել, սա նման է լավ կազմակերպած շոուի, և այսքանը, այլ բան չեմ կարող ասել», - եզրափակեց ոստիկանապետի աշխատակազմի նախկին ծառայողը։

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գոռ Հակոբյանը մեղադրվում էր կաշառք վերցնելու մեջ և ԱԱԾ-ն ձերբակալել է նրան: Նույն աղբյուրը նշում էր,որ ձերբակալման մասին լուրն ԱԱԾ-ն հերքել է։