Խոսել եմ հայերենով, քանի որ գրաբարը մեր հին լեզուն է. Գոռ Գևորգյանը՝ իր ելույթի հետ կապված քննադատության մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե երեկ ԱԺ–ում իր ելույթը, որտեղ նա գրաբարով է խոսել, անհասկալի է եղել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ խոսել է հայերենով, քանի որ գրաբարը մեր հին լեզուն է։
«Եթե մարդն ընդամենը ցիտատ է բերում Սուրբ գրքից ու մեկը չի հասկանում, գոնե պարտավոր է մտածել, թե ինչ էր ասվում, հատկապես, եթե ասողը հետևից թարգմանում է։ Ես թարգմանել եմ չէ՞։ Սովորական աղոթքը, որ ասում եք ես, օրինակ՝ գրաբարով եմ ասում։ Ինչ ասել եմ, Սուրբ գրքից եղած ցիտատ է եղել՝ Հիսուսի խոսքերն են ու արտացոլված են եղել թե՛ Մաթևոսի, թե՛ Պողոս առաքյալի խոսքում», - ն ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, որ այդ ելույթից հետո իրեն համեմատել են ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի հետ, Գևորգյանը նշեց, թե ինքը նման բաների ուշադրություն չի դարձնում։
«Ում հետ ուզում են, թող համեմատեն, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես բաց մարդ եմ, ցանկացած առողջ քննադատության դիմանում եմ, իսկ ոչ առողջները՝ պարզապես ժպիտ են առաջացնում»,- շարունակեց Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ գրաբար մեջբերում էր օգտագործել, որի միտքը եղել էր այն, որ բոլորին ԱԺ-ում համախմբել է հավատը։ Պատգամավորը, մասնավորապես, գրաբարով արված հայտարարությունում արտահայտել էր այն միտքը, որ եթե մարդ ունի մանանեխի հատիկի չափ հավատք, պետք է հրամայի լեռին տեղափոխվել մի տեղից մյուսը ու նա կտեղափոխվի, և ոչինչ այլևս անհնար չի լինի։










