Կառավարության դեմ ոչ մի գործողություն չենք անի, կփոխենք մեր հանրահավաքների ձևը. Մ. Գրիգորյանի կալանավորումը պահանջող ակցիայի կազմակերպիչ
Մեր լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից ելնելով՝ մենք մեր կառավարության դեմ ոչ մի գործողություն չենք անի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:
«Այսինքն՝ կփոխենք մեր հանրահավաքների ձևերը: Փողոց փակելն ինքնանպատակ չէ, բայց պայքարի միջոց է եղել: Եթե պայքարի միջոցն ինչ-որ տեղ կարող է դիտարկվել մեր Կառավարության դեմ, մենք կփոխենք մեր պայքարի ձևը»,- նշեց Ջիվան Աբրահամյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջելու հաջորդ ակցիան լինելու է հունվարի 17-ին Վերաքննիչ դատարանի դիմաց, որտեղ քննելու է Մ. Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ դատախազության վերաքննիչ բողոքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, դիմելով Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարներին, հայտարարել էր. «Դուք չեք փակելու ճանապարհը, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք»:
«Էջմիածին-Երևան ճանապարհը փակում են և ասում են` բա լա՞վ էր, որ դուք փակում էիք: Մենք փակում էինք, քանի որ չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այս պրոցեսը օգտագործել և ասել՝ լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փակում: Դուք չեք փակելու, որովհետև դրա լիազորությունը չունեք և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, քանի որ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել այդ ճանապարհների անցանելիությունը»,- ասել էր վարչապետը:
Հարցին, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ նախկին կլանային ուժերի մասնակցություն ասելով, Ջիվան Աբրահամյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ, որ հնարավոր է՝ մարդիկ լինեն, ովքեր նախկինում ինչ-որ կլաններից են եղել: Վարչապետը նաև ասաց, որ մեծամասնությունն իրեն աջակցող թիմի մարդիկ են»:










