Հոնկոնգում ավիաընկերությունն ուղևորներին բիզնես դասի տոմսերը սխալմամբ էկոնոմ դասի գնով է վաճառել

11:55 • 15.01.19

Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Cathay Pacific ավիաընկերությունը սխալմամբ բիզնես դասի ավիատոմսերն իրական գնից 10 անգամ պակաս գնով է վաճառել, գրում է BBC-ն:

Ավիաընկերության կայքում անսարքության պատճառով Լոնդոնում կանգառով Լիսաբոնից Հոնկոնգ և հակառակ ուղղությամբ չվերթի՝ 16 հազար դոլար արժողությամբ տոմսերը 1512 դոլարով են վաճառվել:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ տոսերը չի չեղարկի և որ երջանիկ ուղևորները կարող են իրենց վճարած ցածր գնով օգտվել բիզնես դասի հարմարավետությունից:

Լրատվամիջոցը մանրամասնում է, որ ավիաընկերության համար սա առաջին դեպքը չէ. շաբաթներ առաջ կայքի անսարքության պատճառով ուղևորները կարողացել էին Վիետնամից ԱՄՆ թռչել` 16 հազար դոլարի փոխարեն  ընդամենը 675 դոլար վճարելով: