Եվրոպայում անոմալ առատ ձյան հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 20-ը (տեսանյութ)

16:54 • 15.01.19

Եվրոպայում ավելացել է ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը, գրում է ru.euronews.com-ը՝ մանրամասնելով, որ ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ տեղումները կարող են ռեկորդ սահմանել:

Հայտնի է, որ այժմ զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը:

Եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում՝ Ավստրիան, Գերմանիան ու Հունաստանը պատուհասած տեղումները հասել են Բալկանյան թերակղզի: Մասնավորապես՝ Բոսնիա-Հերցեգովինայում դրանք դարձել են լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ՝ խլելով մի քանի հոգու կյանք:

Հարևան Սերբիայում ձյան առատ տեղումների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել:

Նույնպիսի իրավիճակ է գերմանական Բավարիայում, որտեղ արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին ու ոստիկաններին օգնության են եկել ցամաքային զորքերի ներկայացուցիչները: Ճանապարհների մաքրման համար բանակային ծանր տեխնիկա է կիրառվում:

Առատ ձյունը խոշոր ձնահյուսեր է առաջացնում, դրա հետևանքով Ավստրիայում որոշ ձմեռային հանգստավայրեր անորոշ ժամանակով փակվել են: Բացի այդ, որոշ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից: