Մոսկվայում մեկնարկել է ուկրաինացի նավաստիների գործով դատական նիստը, նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց (տեսանյութեր)
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների գործով դատական նիստը, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ նավաստիները հրաժարվել են դատարանում ցուցմունք տալուց: Նիստն ընթանում է միաժամանակ երեք տարբեր դահլիճներում:
Նշվում է, որ դատարանը փակ ռեժիմով կանցկացնի նիստը, որի ժամանակ կքննվի նավաստիների խափանման միջոց հանդիսացող կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու հարցը:
Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների գծով լիազոր Լյուդմիլա Դենիսովան և նավաստիների ծնողներն այսօր վաղ առավոտյան ժամանել են Մոսկվա՝ դատարանի դահլիճում ներկա գտնվելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:










