Արմեն Սարգսյանն ԱՄԷ պետնախարարի հետ պայմանավորվել է, որ պատվիրակություն կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու բիզնես ներուժը

15:56 • 15.01.19

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այսօր ևս մեկ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ ոլորտները։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են:

Եվ երբ ինքը՝ որպես նախագահ, խոսում է համագործակցության մասին, նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է։

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։