Իսպանիայում 200 մարդու են ձերբակալել աքլորների մարտերի ժամանակ

19:37 • 15.01.19

Իսպանիայի Մուրսիա ինքնավար համայնքի Սանգոներա Լա Վերդե ավանում արշավ է իրականացվել՝ ուղղված աքլորների անօրինական մարտերի դեմ:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, արշավի ընթացքում 200 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Ֆրանսիայի, Պորտուգալիայի քաղաքացիներ և Իսպանիայի տարբեր շրջանների բնակիչներ:

Հատուկ գործողություններին շուրջ հարյուր գործակալ է մասնակցել մի քանի նահանգներից: Նրանք ներխուժել են գյուղական տներից մեկը, որտեղ հավաքված են եղել անօրինական զվարճանքի սիրահարները:

Ոստիկանությունն առգրավել է խաղադրույքների համար նախատեսված ընդհանուր առմամբ 100 000 եվրո գումարը: Բացի դրանից, տանը թմրանյութեր, սառը զենք և հրազեն է հայտնաբերվել:

Ձերբակալվածներից 90-ին ազատ են արձակել՝ ներկայանալու պարտավորությամբ: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: