Ամերիկյան զորքը մինչև սեպտեմբերի վերջ կմնա Մեքսիկայի հետ սահմանին

12:33 • 15.01.19

ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին տեղակայված ամերիկյան զորակազմը մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 30-ը կմնա սահմանին, գրում է New York Times-ը՝ Պենտագոնի հաղորդագրությանը հղումով:


Պարբերականը նշում է, որ սահմանապահ առաքելությունն ի սկզբանե պետք է ավարտվեր դեկտեմբերի 15-ին, այնուհետև այն երկարաձգվել էր մինչև հունվար:


«Ներքին գործերի նախարարության դիմումին ի պատասխան՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Պենտագոնի կողմից Ներքին անվտանգության նախարարությանն օգնության ժամկետը մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 30-ը երկարաձգելուն»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:


Զորակազմի տեղակայման մասին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջին անգամ հայտարարել էր անցած տարվա հոկտեմբերին: Նպատակը Կենտրոնական Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգներ շարժվող բազմահազարանոց քարավանին ընդառաջ պետական սահմանին հսկողության ուժեղացումն էր: