ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

10:51 • 15.01.19

Հունվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:

Ողջունելով նախագահ Թրամփին ՀՀ նախագահի, վարչապետի ու ժողովրդի անունից` դեսպան Ներսեսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել ԱՄՆ-ում այս կարևոր ժամանակաշրջանում:

Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում տեղի ունեցած կարճ զրույցի ընթացքում նախագահ Թրամփն ու դեսպան Ներսեսյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քայլերը: Կողմերը շեշտել են ամերիկահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամության զարգացման գործում: