Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ․ քննարկվում է 2019-ի տեղական տուրքերի գծով արտոնությունների հարցը
Այսօր գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ 2019 թ․-ի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելը։
Նախագծով սահմանվում է, որ Երևանի վարչական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ։
Մասնավորապես, բարձրացված տեղական տուրքի դրույքաչափի 58.33 տոկոսի չափով արտոնություն կսահմանվի մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար։ Երևանում առևտրի օբյեկտներին ժամը 24։00 -ից հետո աշխատելու թույլտվության համար արտոնություն կտրվի տեղական տուրքի դրույքաչափի 72.98 տոկոսի չափով, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24։00 -ից հետո աշխատելու թույլտվության համար՝ 70 տոկոսի չափով:
Որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ 2018 թ․-ի դեկտեմբերի 25-ի ավագանու նիստում Երևանի ավագանին ընդունել էր Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը, որով նախատեսվում է մի շարք տուրքեր բարձրացնել:
Մասնավորապես, 2019 թվականին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվել է 6000 ՀՀ դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10000 ՀՀ դրամ կամ 40 տոկոսով: 2018 թ․ դրույքաչափերն են համապատասխանաբար 15000 և 25000 դրամ։ Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքն ավելանալու է 250000 ՀՀ դրամով կամ 71.43 տոկոսով՝ 350000 դրամից դառնալով 600000 հազար դրամ։
Անկախ նրանից, թե տնտեսավարողները մեկ կամ մի քանի վառելիքի տեսակի մանրածախ վաճառք են իրականացնում, նրանք պարտադրված են վճարելու միևնույն՝ 600000 ՀՀ դրամի չափով տեղական տուրքը: Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքերը ևս կբարձրացվեն։ Առևտրային օբյեկտների համար տուրքի աճը կլինի 32500 դրամով կամ 37 տոկոսով, հանրային սննդի և զվարճանքի համար՝ 75 հազար դրամով կամ 48 տոկոսով, բաղնիքների համար՝ 525000 դրամով կամ 60 տոկոսով և այլն։
Սահմանվել են նաև առաջին անգամ կիրառվող բարձր տեղական տուրքեր։ Օրինակ՝ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացնելու թույլտվության համար տնտեսավարողը 300 հազար դրամ պետք է վճարի օրացուցային տարվա համար։










