Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի․ Հ․ Կոնջորյանը՝ Իրանին ավտորիտար որակելու մասին (տեսանյութ)
Դա իմ մասնավոր ձևակերպումն էր և բացարձակապես կապ չուներ մեծամասնության կարծիքի հետ։
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իր ելույթին, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությանն ավտորիտար բնույթի էր որակել։ Նա նկատեց, որ իր ելույթից անմիջապես հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ սա «Իմ քայլը» դաշինքի տեսակետը չէ։
«Սա բացարձակապես չի բնորոշում իմ վերաբերմունքն այդ պետության, այդ ժողովրդի նկատմամբ։ Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ, որը միանշանակ այլևս չի կրկնվի»,- ասաց նա։
Կոնջորյանը չի կարծում, թե իր վրիպակը կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Ըստ նրա՝ կազդեր այն ժամանակ, եթե ինքը ներկայացներ խմբակցության տեսակետը, իսկ ինքն էլ չտար պարզաբանում, որ սա վրիպակ է։ Նա չի հերքում՝ Իրանի մասով պետք է այլ ձևակերպում տար, սակայն վստահեցնում է, որ այս արտահայտությամբ չի բնորոշվում իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ։ Պատգամավորը վստահեցրեց, որ Իրանին համարում է հայ ժողովրդի բարեկամ պետություն։
«Երբ ասացի բնույթի բառը, ցանկանում էի նշել, որ հավասարության նշան չեմ դնում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Օրինակ՝ կարող էի ասել, որ Իրանն աշխարհի ստանդարտ ժողովրդավարությունից տարբերվող քաղաքական համակարգ ունի և այլն»,- ընդգծեց Կոնջորյանը։
Հարցին՝ չե՞ք կարծում, որ սովորել պետք է ԱԺ պատերից դուրս, այլ ոչ թե ներսում, պատգամավորը պատասխանեց, թե մարդը սովորում է միշտ ու ամենուր։
Նա նաև չբացառեց, որ կարող է ընդգրկված լինել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ հետագայում էլ միջազգային այլ հարթակներում նման վրիպակներ լինեն, Հայկ Կանջորյանն արձագանքեց․ «Դրա համար պետք է յուրաքանչյուրն իր վրիպակների վրա սովորի։ Հիմա կարող էի ամեն կերպ լղոզել ասածս միտքը, բայց ասում եմ, որ վրիպակ է եղել։ Միանշանակ ամեն բան անելու եմ, որ թե՛ միջազգային, թե՛ տեղական հարթակներում նման վրիպակ չլինի»։










