Խոսել ենք հետը, դժգոհություններ չունի. Հայկ Սարգսյանը՝ Չեխիայում պահվող եղբոր մասին

16:43 • 16.01.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ գործը:

Նախքան դատական նիստի մեկնարկը Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հետախուզման մեջ գտնվող և Պրահայում հայտնաբերված եղբոր՝ Նարեկ Սարգսյանի մասին: «Խոսել ենք հետը, բնականաբար»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում Նարեկ Սարգսյանը, Հայկ Սարգսյանն ասաց. «Ընտիր»: Հարցին, թե ի՞նչ դժգոհություններ է արտահայտել, Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ մի:

Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի բացակայության պատճառով:

Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին, ապա ոստիկանությունը Նարեկ Սարգսյանին  հայտնաբերել էր Պրահայում:

Դատախազությունն այժմ դիմել է պաշտոնական Պրահային Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համար: