Վիճաբանություն ԱԺ-ում. նախկին դեսպանների վերաբերյալ ԼՀԿ պատգամավորի հայտարարությունը ԲՀԿ քարտուղարը որակեց ադրբեջանական թեզեր (տեսանյութ)

11:29 • 16.01.19

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը իր և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջև բուռն վեճի առիթ դարձավ:

Արման Բաբաջանյանն իր ելույթի խոսքում անդրադարձավ այն հարցին, որ տարիներ ի վեր ՀՀ դեսպաններ են նշանակվել քրեական անցյալ ունեցող անձինք: «Ամենախնդրահարույցը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ով ըստ ուկրաինացի դիվանագետների՝ տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ դիվանագիտական պետհամարանիշներ ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով:

Այդ նույն անձը զբաղված է եղել Ուկրաինայում ավելի շատ Ռուսաստանի շահերը առաջ տանելով, այլ ոչ թե Հայաստանի շահերն առաջ տանելով, այն ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, նրա հետ զբաղվել նկարների առքուվաճառքով: Դրա պատճառով է, որ Մայդանի դեպքերից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են ողբերգական մակարդակի»,-ասաց նա: Նա մի քանի այլ դեսպանների ոչ հայանպաստ գործունեությանը ևս անդրադարձավ:

Բաբաջանյանի ելույթից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով հիշեցրեց, որ 3 տարի աշխատել է որպես Անդրանիկ Մանուկյանի խորհրդական և Բաբաջանյանին մեղադրեց ադրբեջանական թեզեր առաջ տանելու համար:

«Այն թեզերը, որոնց մասին խոսում եք, հիմնականում ներդրվել են հայկական ինֆորմացիոն դաշտ ադրբեջանական կողմից, ի՞նչն է ձեզ ստիպում այստեղ՝ այս ամբիոնից, նեոադրբեջանկան թեզեր առաջ տանել: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ այստեղ բոլոր արտահայտությունները, որոնք եղան ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացահայտ սուտ էին և հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը»,-ասաց նա:

Արման Աբովյանը նշեց, որ ինքը չէր սպասում, և հետաքրքիր էր, թե ինչն է Բաբաջանյանին ստիպել այսօր նման հայտարարություն ունենալ: «Ո՞ւմ ջրաղացին եք ջուր չլցնում, չհասկացա»,-ասաց նա:

Արման Աբովյանը նշեց, որ Մայդանի օրերին, երբ զանգվածային զոհեր են եղել, հենց դեսպանի շնորհիվ է, որ հայկական համայնքը խուսափել է զանգվածային զոհերից: Նա մի քանի այլ տվյալներ էլ ներկայացրեց՝ նշելով, որ ամեն ինչ չէ, որ կարող է այս ամբիոնից ասել:

«Չի եղել ոչ մի օր, որ պարոն Մանուկյանը ոչ մի վայրկյան չծառայի իր հայրենիքին: Դուք քրեածին բառը օգտագործեցիք, դա ևս պրոպագանդայի էլեմենտ է, ես թույլ չեմ տա այն մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են մեր ժողովրդի համար, այս ամբիոնից սուտ տեղեկություն հնչի: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Ինչի՞ մասին է խոսքը գնում, որ վատացե՞լ են հարաբերությունները ՀՀ-ի հետ, ի՞նչն է ստիպում զրպարտել, շարունակական զրպարտությունով զբաղվել»,-հայտարարեց ԲՀԿ պատգամավորը:

Արման Բաբաջանյանը տեղից արձագանքեց, թե ինչ էր ասում, լսելի չէր, բայց բուռն վեճի պատճառ դարձավ: Լսելի էր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե «կարող է հին Հայաստանում ենք»:

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանն օգնության հասավ և իր տեղից փորձում էր ընդհարման գնալ իրեն մոտեցած Մարուքյանի հետ: Մադաթյանը գոռգոռում էր, թե նման հայտարարություն անելուց առաջ արդյո՞ք հարցրել է հայ համայնքից, թե ինչպիսին էր դեսպանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց. «Եթե նման հարաբերություններ պարզելու կարիք կա, դահլիճից դուրս զբաղվեք»:

Արման Աբովյանը փորձեց ելույթը ավարտել և խորհուրդ տվեց հակահայկական թեզերի ներմուծով չզբաղվել:

Լսելի էր տեղից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջամտությունը: Աբովյանը խնդրում էր իրեն չընդհատել և թույլ տալ խոսել:

ԱԺ նախագահն իր կուսակցին հորդորեց լռել. «ԱԺ պատգամավորն այս ամբիոնից իրավունք ունի խոսել, ինչի մասին ցանկանում է»

«Իրավասու չեմ ամեն բան ասել, բայց կարող եմ ԼՀԿ-ին երկու փաստ բերել, որ ուղղակի իր կյանքը վտանգելով՝ Անդրանիկ Մանուկյանը պաշտպանում էր հայ ազգի և հայ ժողովրդի շահերը, պատասխանատու եմ իմ ասած ամեն բառի մասին»,-եզրափակեց նա: