«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 6 և 12 ամսական երեխաների մահվան փաստերի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկու երեխա է մահացել, որոնց մահվան փաստերի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց. «Հունվարի 14-ին և հունվարի 16-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գրանցվել է երկու երեխաների մահվան դեպք՝ 12 և 6 ամսական: Այդ փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է նյութեր նախապատրաստել»:
Դատախազությունից հայտնեցին, որ Ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
6 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ պարզաբանում է տարածել ,Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն, որտեղ ասվում է. ««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 6 ամսական երեխայի մոտ A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել»:
Պարզաբանման մեջ նշվում է, որ երեխան, որը բնակվում էր Աշտարակ քաղաքում, այս տարվա հունվարի 12-ին ժամը 21:50-ին հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, և հունվարի 16-ին` ժամը 00.30-ին, երեխան մահացել է:










