Սահմանին լարվածությունն իջել է, բայց ԼՂ հիմնախնդրի լուծումից մենք շատ հեռու ենք․ արցախցի պատգամավոր
ԼՂ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի խոսքով՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունները կարևոր են, որովհետև այլընտրանքը պատերազմն է:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնախնդիրը չի կարող դեռևս լուծվել, քանի որ Ադրբեջանն ընդհանրապես պատրաստ չէ որևէ փոխզիջման, նրանց քննարկումները, հայտարարությունները, իրենց առավելապաշտական մոտեցումները միայն դրա վառ ապացույցն են:
«Նրանք ամեն ինչ անում են, որ կոնկրետ գործնական քայլեր չանեն: Նրանք նախ պետք է համագործակցության պայմանագիր կնքեն Արցախի հետ, պետք է հավաստեն, որ ինչ-որ փոխզիջումների կգնան, հետո պիտի քաշեն իրենց դիպուկահարները սահմանից և այլն»,- ասաց նա:
Արցախցի պատգամավորի խոսքով՝ եթե նման քայլեր անելու ցանկություն Ադրբեջանը չունի, նշանակում է՝ խնդիրը չի լուծվի, և Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները պարզապես հանդիպումներ են ներքին լսարանի համար:
«Դա ներքին լսարանի համար է, որ Ադրբեջանի ժողովուրդը տեսնի, որ իրենք ջանքեր են թափում և հետամուտ են հիմնախնդրի լուծմանը: Ամենը ձևականություն է»,- ասաց նա:
Ըստ Ռուդիկ Հյուսնունցի՝ իրականում ԼՂ հիմնախնդիրն իրենք լուծել են, բայց եթե Ադրբեջանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հայ ժողովրդի հետ, պետք է իրական քայլեր ձեռնարկի, ոչ թե դեկլարատիվ, ձևական հանդիպումների մասնակցեն:
«Մենք ընդունում ենք համանախագահների ձևաչափը, քանի որ նրանք կարողանում են պատերազմի ալտերնատիվը՝ այսօրվա ստատուս քվոն, ինչ-որ կերպ ապահովել: Բայց հիմնախնդրի իրական լուծումից մենք շատ հեռու ենք, որովհետև մեր հարևանը տառապում է առավելապաշտությամբ»,- ասաց նա։
Վերջինս համաձայնեց, որ հիմա էլ բանակցությունները բանակցությունների համար են, պահը դեռ չի հասունացել հիմնախնդրի լուծումն ունենալու համար: «Հիմա լավ է գոնե այն առումով, որ մի թեթև բարիդրացիական իրավիճակ ստեղծվեց Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո: Սահմանում հիմա մի թեթև լարվածությունը թուլացել է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պնդում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չկան, արդյո՞ք դա արդեն մտահոգվելու տեղիք չի տալիս, արցախցի պատգամավորը պատասխանեց. «Կարևոր է այն, որ հիմա լարվածությունն է թուլացել։ Կարևոր չէ՝ կլոր, թե քառակուսի սեղանի շուրջ են բանակցությունները: Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք․ կարևոր է, որ սահմանին զինվորները չեն մահանում, մահացության դեպքերը քչացել են, լարվածությունն իջել է։ Բայց իրական արդյունքներից, իհարկե, մենք հեռու ենք»,- ասաց նա:
Հիմնախնդրի լուծումը, ըստ Հյուսնունցի, ենթադրում է փոխզիջումներ: «Հետաքրքիր է իմանալ՝ իրենք ինչ զիջումների են պատրաստ»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ պատրաստ են ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, Ռուդիկ Հյուսնունցն արձագանքեց. «Արցախը կարողացել է ապահովել իր անվտանգությունը երկու պատերազմներում, երբ Ադրբեջանը խնդրում էր հրադադար»:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները փորձում են նախկինում արված վրիպումը՝ Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելը, ուղղել: «Նրանք ասում են՝ մենք Արցախի անունից չենք բանակցելու, և դա մեկ քայլ առաջ է, որովհետև իրականում առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության որևէ խնդիր Հայաստանի ղեկավարությունը չի կարող լուծել»,- ընդգծեց նա:
Հարցին, թե այդ դեպքում ինչից կարող են խոսել ՀՀ իշխանությունները Ադրբեջանի իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, նա պատասխանեց․ «Բանակցությունները միշտ պետք են, մոտեցումներ փնտրելը, հարցին մոտենալու ճանապարհներ փնտրելն իրենց աշխատանքն է: Բանակցությունները պետք է շարունակվեն, դրանք պետք են: Կգա մի ժամանակ, երբ քաղաքական գիտակցությունը՝ թե՛ Ադրբեջանի, թ՛ե մեր կընդունի, որ խաղաղություն պետք է լինի»:
Իսկ թե ինչ սկզբունքներով այսօր և ընդհանրապես Հայաստանը պետք է գնա բանակցությունների, Ռուդիկ Հյուսնունցը դժվարացավ ասել, նշեց, որ չգիտի, թե ինչ օրակարգով է Հայաստանը գնում բանակցությունների:
«Վերջնական ձևաչափ սեղանին դնելուց առաջ պետք է բանակցությունները գաղտնի պահվեն, քանի որ այդպես բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն: Սա դիվանագիտական վարքագիծ է, բնական ճանապարհ է, այլապես, եթե նախապես հայտարարվի, կողմերը, քաղաքական ուժերը կսկսեն քննարկումներ ծավալել և վնասել գործընթացը»,- ասաց նա:










