Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է. ՊԵԿ նախագահ

15:20 • 16.01.19

Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից ազատվել է աշխատանքից, և սա դեռ սկիզբն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Դեռևս հոկտեմբերի 20-ին տեսչական գործունեություն, այսինքն` հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ 580-ից 128-ը կրճատվել են»,- ասաց նա։

Կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, որի արդյունքում կատարվել է աշխատակազմի օպտիմիզացիա։

«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում։ 2 ամիս գնահատվել է այդ 580 աշխատակիցների կարողությունները։ Աշխատանքից ազատման ժամանակ, ցավոք, մենք շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև։ Գործառույթների վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների տրամաբանության շրջանակներում մենք ստիպված այդպիսի որոշում ենք կայացրել»,- նշեց ՊԵԿ նախագահը։