Նյու Յորքում տղամարդը մուրճով սպանել է ռեստորանի խոհարարին և վիրավորել ևս 2 մարդու

13:17 • 16.01.19

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մուրճով զինված տղամարդը հարձակում է գործել ռեստորաններից մեկում՝ սպանելով շեֆ-խոհարարին և լրջորեն վիրավորելով 2 մարդու, հաղորդում է NBC New York հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել Բրուքլին թաղամասի Seaport Buffet ռեստորանում: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը նախ հարձակվել է ռեստորանի 60-ամյա տիրոջ վրա, որն այդ պահին մուտքի մոտ է եղել, ապա 34-ամյա շեֆ-խոհարարի և հաստատության 50-ամյա աշխատակցի վրա: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակում կատարած անձը թիրախներին պատահական սկզբունքով է ընտրել:

Երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել, ավելի ուշ ռեստորանի շեֆ-խոհարարը մահացել է:

Տղամարդը փորձել է թաքնվել, սակայն ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է նրան: Արարքի դրդապատճառները պարզելու համար քննություն է տարվում: