Սերբիայում Պուտինի այցին ընդառաջ ձերբակալել են ՌԴ նախագահի դեմ մահափորձ ծրագրած վահաբականի

13:30 • 16.01.19

Սերբիայում ձերբակալվել է 21-ամյա վահաբական, որը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հարձակումը պետք է տեղի ունենար Պուտինի՝ հունվարի 17-ին Բելգրադ կատարելիք այցի ընթացքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունն Արմին Ալիբաշիչին կանգնեցրել է Նովի Պազար քաղաքից ոչ հեռու՝ Պոտոկ բնակավայրում: Օրենքի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է նրա ուսապարկը, որում օպտիկական նշանակետով հրացան է հայտնաբերվել:

Այնուհետև երիտասարդի տանը խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց, ռումբի պատրաստման համար սարքավորումներ, քիմիական նյութեր: Բացի այդ, հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշ, քարոզչական նյութեր ու գրականություն:

Հետագա ստուգումների արդյունքում պարզվել է, որ Պուտինն ահաբեկիչների թիրախում է հայտնվել Ռուսաստանի՝ ԻՊ-ին հայտարարած պատերազմի պատճառով:

Մասնագետների կարծիքով՝ ահաբեկիչը, ամենայն հավանականությամբ, միայնակ չի գործել:

Նշվում է, որ վահաբականները լավ պատրաստված ու զինված են ռազմավարական ենթակառուցվածքի վրա ու ամբոխների դեմ հարձակումների իրագործման համար: