Բրազիլիայում այսուհետ կթույլատրվի մինչև 4 միավոր զենք գնել

15:11 • 16.01.19

Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, ըստ որի երկրում կհեշտացվի հրազենի ձեռքբերումը, մասնավորապես՝ բնակիչների մի մասին կթույլատրվի մինչև 4 միավոր զենք ձեռք բերել:

Նոր օրենքի համաձայն՝ 25-ից բարձր, դատվածություն չունեցող քաղաքացիներին կթույլատրվի մինչև 4 միավոր զենք ձեռք բերել, եթե նրանք բնակվում են սպանությունների բարձր ցուցանիշ ունեցող (ավելի քան 10 սպանություն յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով) տարածքում: Օրենքը դե ֆակտո կգործի Բրազիլիայի բոլոր 27 նահանգներում:

Նախկինում զենք ձեռք բերեու համար բրազիլացիները պետք է զենքի՝ այս կամ այն նպատակով անհրաժեշտության ապացույցներ ներկայացնեին: Նախագահի խոսքով՝ այժմ քաղաքացիներն «ինքնապաշտպանվելու իրավունք կստանան», մինչդեռ օրենքի քննադատները համոզված են, որ նման քայլը միայն կմեծացնի սպանությունների թիվը:

Հայտնի է, որ 2017թ.-ի ընթացքում Բրազիլիայում մոտ 64 հազար սպանություն է գրանցվել, ինչը Բրազիլիան աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկն է դարձնում՝ բացառությամբ պատերազմական գոտիների: