Չինաստանին են պատկանում աշխարհի ամենաառաջադեմ զինահամակարգերից մի քանիսը. Պենտագոն

10:50 • 16.01.19

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, նախազգուշացրել է, որ Չինաստանին են պատկանում աշխարհի ամենաառաջադեմ զինահամակարգերից մի քանիսը և որ որոշ դեպքերում այդ երկիրն արդեն գերազանցել է իր թշնամիներին:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին ասվում է Պաշտպանական հետախուզության գործակալության զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին Պեկինը ռազմական ոլորտում ահռելի ցատկերով է առաջ գնացել: Դա մասամբ տեղի է ունեցել շնորհիվ նրա, որ երկրում գործող օրենքի համաձայն՝ օտարերկրյա գործընկերները պարտավոր են ներկայացնել իրենց տեխնիկական գաղտնիքները չինական մեծ շուկային հասանելիություն ստանալու դիմաց:

«Բոլոր հնարավոր միջոցներով տեխնոլոգիաներին տիրապետելու արդյունքում Չինաստանն այժմ տեխնոլոգիական մի շարք ոլորտներում առաջատար դիրքերում է: Խոսքը նավատորմի, գործողության միջին և միջմայրցամաքային հրթիռների, գերձայնային զենքերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին է»,-գրել են զեկույցի հեղինակները:

Նրանք ընդգծել են, որ Չինաստանն իր ռազմական ներուժը հզորացրել է թե՛ օդում, թե՛ ծովում, թե՛ տիեզերքում և թե՛ կիբեռոլորտում, ինչը նշանակում է, որ Պեկինը կկարողանա իր կամքը թելադրել տարածաշրջանում:

Նրանք չեն բացառել, որ Չինաստանն իր հզոր կարգավիճակը կարող է օգտագործել ու ներխուժել իրեն անկախ հռչակած, սակայն ՄԱԿ-ի կողմից որպես այդպիսին չճանաչված Թայվան: