Երկրներ, որտեղ քրիստոնյաներն ամենից շատ են հետապնդվում. Open Doors-ի ամենամյա ցուցակը կրկին Հս. Կորեան է գլխավորել
Հյուսիսային Կորեան 18-րդ տարին անընդմեջ գլխավորել է քրիստոնյաների հետապնդումներով ու նրանց իրավունքների խախտումներով աչքի ընկնող երկրների ցանկը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, միջազգային բարեգործական իրավապաշտպան Open Doors ընկերության ամենամյա ցուցակում (2019 World Watch List) ընդհանուր առմամբ տեղ է գտել 50 երկիր:
Բացի Հյուսիսային Կորեայից՝ քրիստոնյաների հանդեպ հետապնդումների մակարդակը «չափազանց բարձր» է գնահատվել Աֆղանստանում, Սոմալիում, Լիբիայում, Պակիստանում, Սուդանում, Էրիթրեայում, Եմենում և Իրանում:
«Շատ բարձր» է գնահատվել հետապնդումների մակարդակը Հնդկաստանում, Սիրիայում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Ուզբեկստանում և ևս մի քանի երկրներում: Ընդ որում՝ Հնդկաստանն առաջին անգամ է համալրում այս ցուցակի առաջին տասնյակը:
Հատկանշական է, որ 27-րդ տեղը զբաղեցրած Չինաստանը բարձրացրել է իր դիրքը 16 կետով. սա, հավանաբար, կապված է դեռևս 2018-ի փետրվարին երկրում ուժի մեջ մտած կրոնի հարցերով նոր կարգավորումների հետ:
26-րդ տեղում է մեր հարևան Թուրքիան, որտեղ քրիստոնյաների հետապնդման մակարդակը համարվել է «բարձր»:
12-րդ և 5-րդ տեղերում հայտնված Նիգերիան ու Պակիստանն էլ հանդիսանում են այն երկրները, որտեղ քրիստոնյաներն ամենից հաճախ են բռնության հանդիպում:










