Էրդողանը նշել է սիրիական Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչության հնարավոր նպատակը
Սիրիական Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով ամերիկացի զինվորականներ են մահացել, կարող էր իրականացվել՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին Վաշինգտոնի որոշման վրա ազդելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մանբիջում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 27 մարդ է մահացել, այդ թվում՝ հինգ ամերիկացի զինվորական: Չի բացառվում, որ դա արվել է ԱՄՆ որոշման վրա ինչ-որ կերպ ազդելու համար», - հայտարարել է Էրդողանը Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսին:
Թուրք ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում վերջինս վճռական է եղել զորքերը դուրս բերելու հարցում:
Էրդողանը խոստացել է նաև շարունակել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ:










