Թբիլիսիի բնակելի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Չորեքշաբթի երեկոյան պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի հյուսիսային շրջանի ինըհարկանի բնակելի շենքերից մեկում, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել, 5-ը վիրավորվել են: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը:
Ինչպես վերջինս հայտնել է, առկա տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի պատճառով: Նրա խոսքով՝ պայթյունից տուժած մուտքի բնակիչներին տարհանել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները:
Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց թվում երեք երեխա կա: Հիվանդանոցում վիրավորներին այցելել է երկրի առողջապահության նախարարը:
Պայթյունի հետևանքով շենքում կոտրվել են ապակիներն ու վնասվել պատերը:
Վնասի չափը գնահատելու համար դեպքի վայր են ժամանել վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:










