Մոսկվայի դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Կերչի նեղուցում ձերբակալված 24 ուկրաինացիների կալանքը
Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երեք ամսով երկարաձգել է Կերչի նեղուցում ձերբակալված 24 ուկրաինացի զինվորականների և նավաստիների կալանքը, գրում է gazeta.ru-ն:
Ուկրաինացիները մեղադրվում են Կերչի նեղուցի հատվածում Ռուսաստանի սահմանն ապօրինաբար հատելու համար:
Հայտնի է, որ 20 մեղադրյալների վերաբերյալ որոշումը հրապարակվել է նախօրեին, այսօր պարզվել է ևս 4-ի հետագա ճակատագիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, նավաստիները հրաժարվել էին դատարանում ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:
Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:










