Թաիլանդում 11 տարի անց ձերբակալել են մանկապիղծ վանականին
Թաիլանդում 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալուց 11 տարի անց ձերբակալել են բուդդիստ վանականի, գրում է The Bangkok Post-ը:
Վաթսունմեկամյա Պհրա Սորասակ Սիրիպաթհոյին ձերբակալել են Նոնթհաբուրի շրջանի իր տանը: Տղամարդը 2008թ.-ից ի վեր հետախուզման մեջ է գտնվել 15 տարեկանից փոքր երեխայի հետ սեռական կապի մեջ լինելու մեղադրանքով, ինչը, անկախ աղջկա համաձայնությունից, անօրինական է համարվում: Դեպքը տեղի է ունեցել 2007թ.-ին, երբ տղամարդը տաճարում վանական է եղել, իսկ աղջիկը մոտակայքում ապրելիս է եղել տատիկի հետ:
Հարցաքննության ժամանակ Սորասակը խոստովանել է, որ անչափահասի հետ սեռական կապի մեջ է եղել վերջինիս համաձայնությամբ: Ինչպես նշում է թերթը, տղամարդը մտերմացել է դպրոցական աղջկա հետ, իսկ սեռական հարաբերությունները բազմիցս տեղի են ունեցել տարբեր վայրերում:
Աղջկա ընտանիքի անդամների բարձրացրած սկանդալից հետո տղամարդը դուրս է եկել վանքից և հետագա տարիներին այլ աշխատանքներ կատարել, ապա նորից վանական դարձել: Այն մասին, թե արդյոք ոստիկանությունն այդ ընթացքում փնտրել է տղամարդուն, չի հաղորդվում:
Ձերբակալությունից հետո տղամարդուն զրկել են վանականի աստիճանից և հանձնել իշխանություններին:










