Վերաքննիչում քննվում է Դատախազության բողոքը, Մանվել Գրիգորյանը ներկա չի լինելու. պաշտպան
Վերաքննիչ դատարանում վերսկսվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Դատարանում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, ինչպես և եղել է: Դատավոր Արսեն Նիկողոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
«Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է, դա բողոքարկման ենթակա որոշում չէ, և հետևաբար դրան չեմ անդրադառնա»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանը չի՞ ներկայանալու դատական նիստին, Արսեն Մկրտչյանն ասաց. «Կարծում եմ՝ նա ներկա չի լինելու»
Ինչ վերաբերում է իր մեքենան վնասելուն, փաստաբանն ասաց, որ համացանցում տարածված վնասված մեքենայի լուսանկարն իր մեքենան չէ, իր մեքենային գույքային վնաս չի պատճառվել, և առանձնապես այդ մասին չի ցանկանում խոսել:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հեղուկ էին լցրել Արսեն Մկրտչյանի մեքենայի վրա, թքել մեքենայի ուղղությամբ: Փաստաբանն ասաց, որ առանձնապես չի ցանկանում կենտրոնանալ դրա վրա:
Վերաքննիչում Դատախազության բողոքի քննությունը շարունակվում է:










