Կոռուպցիայի դեմ պայքարը դեռ չի նշանակում, որ երկիրը զարգանալու է, ներդրողները Հայաստան այդպես էլ չեն գա. Ալեքսեյ Զուբեց

22:30 • 17.01.19

Ներդրումների մասին հայտարարությունները խոստումներ են. որպեսզի ներդրողները գան, պետք է ստեղծել միանգամայն այլ միջավայր, արտաքին աշխարհի հետ հարաբերվել նոր մոդելներով, նոր գաղափարներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը՝ խոսելով «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու՝ ՀՀ նոր իշխանությունների հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ Հայաստանն ունի շանս` զարգացնելու իր տնտեսությունը, եթե աշխարհի այլ երկրներում ապրող մարդկանց իրենց երկրներում բիզնես ստեղծելու հնարավորություն ու աջակցություն տրվի: Զուբեցն ասաց, որ այդ պարագայում Հայաստանը կդառնա բիզնես-կենտրոն և կզարգացնի Սփյուռքը, ինչպես դա արեց Իսրայելը:

- Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին: Դա բնորո՞շ է հետխորհրդային երկրներին:

- Հայաստանը հայտնվել է Վրաստանի վիճակում: Հեղափոխությունից հետո Վրաստանի իշխանությունները կարծում էին, որ տնտեսվարողների մի մեծ հոսք կսկսվի դեպի Վրաստան, ներդրողները կգան ու իրենց փողերը կդնեն շրջանառության մեջ: Նրանք մտածում էին, որ բացելով իրենց դռները, օտարերկրյա ներդրողների ֆինանսական հոսքերը կմտնեն երկիր: Այնինչ, դռները բացելը մի բան է, ներդրողների ցանկությունը՝ մեկ այլ: Եթե ներդրողները հետաքրքրված լինեին Վրաստանով, անելիք ունենային Վրաստանում, եթե շահեկան համարեին վրացական շուկան, ապա մինչև հեղափոխությունն էլ ներդրումներ կանեին, բիզնես կստեղծեին: Հիմա նույնը Հայաստանում է: Բացել դռները ներդրողների, տնտեսվարողների համար, դեռ չի նշանակում հետաքրքիր լինել նրանց: 

- Հայաստանը պայքարում է կոռուպցիայի դեմ, բազմաթիվ նախկին իշխանավորներ տարբեր քրեական գործերում են ներգրավված: Սա վստահություն չի՞ ներշնչում ներդրողների համար:

- Դա բավարար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը դեռ չի նշանակում, որ երկիրը զարգանալու է: Հայաստանում տնտեսական ռեսուրսներ չկան: Հիմա այդպես է ստացվել՝ երկիրը հարուստ չէ ռեսուրսներով, որոնք գումար են բերում: Միակ «տնտեսական փրկությունը» ինտեգրացիոն տարբեր կառույցներում ներգրավվելն է, Սփյուռքի ներուժը օգտագործելը: Հայերն ապրում են ու բիզնես ունեն աշխարհի ամենատարբեր երկրներում, և պետությունը կարող է օգտագործել սեփական ներուժը: Երկիրը կարող է հարստանալ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հաշվին:

- Հնարավո՞ր է ավելի ակտիվ հարաբերվել արտաքին աշխարհի հետ, երբ  4 սահմաններից 2-ը փակ են:

- Լարվածությունը հարևան Թուրքիայի հետ վատթարացնում է Հայաստանի տնտեսական գրավչությունը: Բայց սա քաղաքական հարց է, ես չեմ կարող այս հարցը մեկնաբանել, որովհետև պատասխանները թաքնված են պատմության մեջ: Եթե Հայաստանի նոր իշխանությունները կարողանան լավացնել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները, դա կլինի մեծ քայլ առաջ:

- Պարո՛ն Զուբեց, Հայաստանում հեղափոխության օրերին ներկայիս իշխանությունը հայտարարում էր, որ ներդրողները ժողովրդավարության դրսևորման արդյունքում կհետաքրքրվեն Հայաստանով, որովհետև կհաստատվի ազատ շուկա, մրցակցություն, չեն լինի մենաշնորհներ: Սա իրատեսական չէ՞:

- Պետք է նայել Հայաստանի տնտեսության վիճակագրությունը՝ հասկանալու համար՝ այդ ակնկալիքները արդարացվե՞լ են, թե՞ ոչ: Իմ ձեռքի տակ նման ցուցանիշներ հիմա չկան: Հիմնվելով վրացական փորձի վրա, որը բավական նման է հայկական փորձին, կարող եմ ասել, որ ներդրողները Վրաստան այդպես էլ չեկան: Նույնը կլինի և Հայաստանում: Ներդրողները, որոնք չէին վստահում իրենց բիզնեսը Հայաստանում, չէին ուզում գումարներ ներդնել հեղափոխությունից առաջ, չէին անում դա նրա համար, որ Հայաստանում կար վատ իշխանություն: Ոչ: Նրանք չգիտեն՝ ինչ անել Հայաստանում, ինչ բիզնես հիմնել Հայաստանում, ինչպես կազմակերպել արտահանումը:

Դուք կասեք՝ իսկ տեղեկատվական տեխնոլոգիանե՞րը: ՏՏ-ի համար հետխորհրդային տարածքում Բելառուսն ավելի հարմար երկիր է, քան Հայաստանը, որտեղ շատ մեծ տեմպերով զարգանում է ոլորտը: Ավելի առաջատար ու ավելի հարմար ի՞նչ հնարավորություններ պետք է ստեղծի Հայաստանը, որ ՏՏ-ն Երևանում ավելի շատ զարգանա, քան Մինսկում:

Ներդրումների մասին հայտարարությունները խոստումներ են: Որպեսզի ներդրողները գան, պետք է ստեղծել միանգամայն այլ միջավայր, արտաքին աշխարհի հետ հարաբերվել նոր մոդելներով, նոր գաղափարներով: Ասել՝ «մենք հեղափոխություն ենք արել, հեռացրել ենք հին իշխանություններին, եկե՛ք, ներդրողնե՛ր»... սա աշխատող չէ:

- Ամփոփելով Ձեր խոսքը՝ կարելի՞ է ենթադրել, որ «տնտեսական հեղափոխության» նախադրյալներ Հայաստանում չկան:

- Տնտեսական հեղափոխություն կարող է լինել, բայց քաղաքական հեղափոխությունը պետք չէ կապել դրա հետ: Պարտադիր չէ քաղաքական հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխություն լինի, դա կարող է լինել առանց դրա էլ: Հեղափոխությունը պետք է ձևավորի նոր տնտեսական միջավայր, տնտեսական նոր մոդել, որը կինտեգրվի համաշխարհային տնտեսությանը: Հայաստանը, կրկնում եմ, որպես այդպիսին կարող է դառնալ back office, որը կօժանդակի Սփյուռքում հիմնած բիզնեսներին: Եթե ժամանակակից Հայաստանը կարողանա հետաքրքիր ու գրավիչ առաջարկներ անել օրինակ` ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերին, բիզնեսմեններին, ամեն ինչ կհաջողվի: Բայց սպասել, որ կգան ներդրողներ ու գաղափարներ կիրականացնեն, դրանից ոչինչ չի ստացվի:

- Դուք Հայաստանը համեմատեցիք Վրաստանի հետ: Վրաստանում ներդրումներն ակտիվացան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Արդյոք սա չի՞ սահմանափակում Հայաստանին. չէ՞որ ներդրողները մեծամասամբ Արևմուտքից են:

- Այն ներդրումները, որոնք կան Վրաստանում, պետական աջակցություն են: Պետությունը գումար է ստանում եվրոպական վեկտորը աջակցելու համար և տրամադրում այն բիզնեսին: Բայց սա քաղաքական աջակցություն է: Տնտեսապես Եվրամիությունից Վրաստանում շատ քիչ ներդրումներ են արվում: Արևմտյան կապիտալը չի հասկանում, թե ինչ անի Վրաստանում: Գյուղատնտեսությո՞ւն, գինի՞: Վրացական գինին լավ արտահանվում է Ռուսաստան, Արևմուտքը ի՞նչ անի այս ոլորտում: Բացի այդ, Վրաստանում չկա վճարունակ հասարակություն, այնպես որ չկան նաև երաշխիքներ, որ արտադրությունը կհաջողի: Նրանք Եվրամիությունից ստանում են դրամական աջակցություն, բայց եվրոպացի ներդրողները չեն գալիս Վրաստան: Հայաստանն ունի շանս` զարգացնելու իր տնտեսությունը, եթե աշխարհի այլ երկրներում ապրող մարդկանց իրենց երկրներում բիզնես ստեղծելու հնարավորություն ու աջակցություն տրվի: Այդ պարագայում Հայաստանը կդառնա բիզնես-կենտրոն և կզարգացնի Սփյուռքը, ինչպես դա արեց Իսրայելը: