Անկարայի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 սիրիացի ներգաղթյալ է մահացել

11:09 • 17.01.19

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 5 բանվոր, մահացածները սիրիացի ներգաղթյալներ են, գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Դեռևս անհայտ պատճառներով նախօրեին ուշ երեկոյան բռնկված հրդեհը հնարավոր է եղել ամբողջությամբ մարել միայն առավոտյան: Հայտնի է, որ միջադեպի ժամանակ գործարանի աշխատակիցներ են տուժել, որոնք մինչ փրկարարների ժամանումը փորձել են մարել կրակը:

Թուրքիայում աշխատավորների մահվան չափազանց բարձր թիվը պարբերաբար հայտնվում է բազմաթիվ իրավապաշտպան կառույցների ուշադրության կենտրոնում: Հայտնի է, որ 2017 թվականի միայն առաջին վեցամսյակում երկրում մահացել էր 741 աշխատավոր: 

Աշխատավորների մահվան հիմնական պատճառները հանքավայրերում տեղի ունեցած փլուզումները, աշխատավորների առողջությանը վնաս հասցնող ծանր աշխատանքային պայմանները և ճանապարհատրանսպոտային պատահարներն են:

Ծանր աշխատանքային պայմանների պատճառով մահացած գաղթական աշխատավորների 62 տոկոսը սիրիացիներ են: