Երեկ՝ հունվարի 16-ին, կայացավ «Արմնյուզ» ՀԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը, և շուտով կսկսենք 24-ժամյա որակյալ լրատվության մատուցումը. Կարեն Բեքարյան

16:51 • 17.01.19

«Արմնյուզ» հեռուստաընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը համապատասխան իրավաբանական գրանցում է ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի բաժնետեր Կարեն Բեքարյանը։

Նա նաև նշեց, որ այսօրվանից ընկերությունում նախապատրաստական ակտիվ շրջան է, սկսում են նաև հանդիպումների շարք բազմաթիվ գործիչների, կառույցների ու կազմակերպությունների հետ՝ համագործակցային հեռանկարներ քննարկելու համար։

«Երեկ՝ 2019-ի հունվարի 16-ին, համապատասխան իրավաբանական գրանցում է ստացել «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի կողմից «Արմնյուզ» հեռուստաընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը: Շուտով կանցնենք 24 ժամ որակյալ լրատվություն մատուցելու ձևաչափին՝ ջանալով յուրահատուկ պլատֆորմ դառնալ տարատեսակ կարծիքների և բևեռների համար»,- ասաց «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի բաժնետեր Կարեն Բեքարյանը։

Հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի այն առնչությամբ, որ քննարկումներ եղան գործարքի օրինականության, ֆինանսական միջոցների, ինչպես նաև գործարքի պայմանների շուրջ, Բեքարյանը պատասխանեց. «Գործարքն իրավաբանորեն անթերի է` բարձրակարգ իրավաբաններով նախապատրաստված: Իսկ ֆինանսական խնդիրների շուրջ իր հարցազրույցում հանգամանալից խոսել է «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անտինյանը՝ պատմելով և՛ տարաժամկետ վճարումներով 8 տարվա ընթացքում մարումների, և՛ մեր բիզնես պլանով նախատեսված ծրագրի մասին: Ավելացնելու բան չունեմ: Այսօրվանից մեզ մոտ նախապատրաստական ակտիվ շրջան է, սկսում ենք նաև հանդիպումների շարք բազմաթիվ գործիչների, կառույցների ու կազմակերպությունների հետ` համագործակցային հեռանկարներ քննարկելու համար»,- ասաց Կարեն Բեքարյանը: