Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից փրկված ամերիկացին զոհվել է Քենիայի ահաբեչկության ժամանակ
Հունվարի 15-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից փրկված ամերիկացի գործարար Ջեյսոն Սպինդլերը, գրում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկչության պահին տղամարդը գտնվում էր Նայրոբիի Dusit հյուրանոցային համալիրում: Նա ճաշելիս է եղել հյուրանոցի ռեստորանում, երբ շենք են ներխուժել ահաբեկիչները: Այդ օրը նա տոնում էր իր 41-ամյակը: Սպինդլերի մահվան լուրը հաստատել է նրա եղբայրը՝ Ջոնաթանը:
2007 թվականին Ջեյսոն Սպինդլերը հիմնել է I-DEV International ներդրումային ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նայրոբիում, և շուրջ հինգ տարի է, ինչ բնակվում էր Քենիայում:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին նա եղել է Նյու Յորքի ահաբեկչությունից փրկվածներից մեկը: Այն ժամանակ նա աշխատում էր կործանված աշտարակներից մեկում և կարողացել է դուրս գալ շենքից, մինչ դրա ամբողջական փլուզումը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին մի խումբ զինված անձինք մեքենայով մոտեցել են Dusit հյուրանոցին և կրակելով պահակախմբի ուղղությամբ՝ ներխուժել հյուրանոցի տարածք: Հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության հետևանքով զոհվել է 15 մարդ:










