Քենիայում օրերս ահաբեկչական հարձակման ենթարկված հյուրանոցում ոստիկանները պայթուցիկ են գտել
Քենիացի ոստիկանները պայթուցիկ են հայտնաբերել մայրաքաղաք Նայրոբիում գտնվող Dusit հյուրանոցում, որտեղ օրերս ահաբեկչական հարձակման հետևանքով 21 մարդ էր զոհվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ պայթուցիկ սարքը տեղափոխվել է ապահով վայր՝ դրա վնասազերծումն իրականացնելու համար, և հորդորել են քաղաքացիներին պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել, քանի որ դա կլինի վերահսկվող գործողություն:
Մասնագետները շարունակում են զննել հյուրանոցի տարածքը՝ հնարավոր նոր պայթուցիկների կամ ական-ծուղակների հայտնաբերման նպատակով:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին մի խումբ զինված անձինք մեքենայով մոտեցել են Dusit հյուրանոցին և կրակելով պահակախմբի ուղղությամբ՝ ներխուժել հյուրանոցի տարածք: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է արմատական «Ալ-Շաբաբ» խմբավորումը: Հայտնի է, որ հարձակման մասնակից բոլոր գրոհայինները սպանված են:










