Առանց լիցենզիայի մարդատար-տաքսիների և թույլատրելի զանգվածը գերազանցելու համար տուգանված տրանսպորտային միջոցների տուգանքները կհամաներվեն. նախագիծ

21:01 • 17.01.19

Հունվարի 17-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը:

Մասնավորապես, նախատեսվում է թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների 81 վարչական ակտերը զրոյացնել և ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցն ընդհանրապես հանել:

Նախագծով նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում վարչական ակտերով նախատեսված  տուգանքի գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում՝ հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը:

Թույլատրելի զանգվածը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ  2018թ. մարտի 15-ից մինչև ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվել է վերահսկողություն և կայացվել է 81 վարչական ակտ, որից 20-ը որպես ծանրաքաշ  բեռների փոխադրման (36-44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող), 21-առանց հատուկ թույլտվության ծանրաքաշ բեռների փոխադրման և 40 վարչական ակտ՝ սռնու վրա թույլատրելի բեռնվածքի գերազանցման համար:

«ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում հավանության արժանացան մի շարք օրենքների նախագծեր, որոնց ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու և առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման համար սահմանված վարչական պատասխանատվության միջոցը նույնպես հանվել է»,- նշված է համաներման օրինագծում:

Նախագծով նախատեսվել է ծանրաքաշ բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների և դրանց սռնիների վրա ընկնող ընդհանուր զանգվածի և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների սահմանափակումները սահմանել կառավարության որոշմամբ:

Իսկ առանց լիցենզիայի մարդատար-տաքսիների մասով տրանսպորտային տեսչության կողմից 2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական  ակտեր, որից վճարվել են 2455-ը:  Թվով 3623 վարչական  ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել:

«Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական տուրքի  գծով պարտավորություններ ունեցող անձանց ազատել պետական տուրքի  չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից՝ պետական տուրքի մայր գումարը մարելու դեպքում»,- ասվում է նախագծում: