Հայտնի է դարձել ԱՄՆ-ում իրանցի հեռուստահաղորդավարուհու ձերբակալության պատճառը
Հայտնի է ԱՄՆ-ում իրանցի հեռուստահաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալության պատճառը:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում իրանական Press TV-ի հաղորդավարի ձերբակալության մասին հայտնի է դարձել նախօրեին:
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ իրենց լրագրողը ձերբակալվել է որպես «կարևոր վկա», նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ:
Մարզիե Հաշեմիի որդին՝ Հուսեին Հաշեմին նշել է, որ ցուցմունք տալու համար դատարան են կանչվել նաև ինքը, իր եղբայրն ու քույրը:
Հաղորդավարուհու որդին պատմել է, որ իր մայրը մասնակցում է սևամորթ բնակչության հանդեպ բռնության դեմ ուղղված Black Lives Matter շարժման մասին փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներին: Բացի այդ, ձերբակալվածը քննադատական վերաբերմունք ունի ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ:
Իրանի արտգործնախարարությունը քննադատել է իրանցի լրագրողի ձերբակալությունն ու այն «անօրինական» անվանել: Իրանում կնոջ հետ նման վարվելաձևը որակել են «անմարդկային» ու պահանջել անհապաղ ազատ արձակել Մարզիե Հաշեմիին:
Նշենք, որ Հաշեմին ԱՄՆ էր մեկնել այդտեղ բնակվող իր հարազատներին այցելելու համար: Նա ձերբակալվել է Միսուրի նահանգում՝ Սենթ Լուիսի օդանավակայանում:










