Ուկրաինայում մեկ օրում գրիպից երկու մարդ է մահացել, նրանցից մեկը՝ նորածին երեխա

13:14 • 17.01.19

Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում գրիպի բարդացումներից երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Հանրային առողջության կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, սուր շնչառական վարակների բաժնի ղեկավար Օքսանա Արտեմչուկը, գրում է korrespondent.net-ը:

Հայտնի է, որ մահացածներից մեկը Ժիտոմիր քաղաքից տարեց տղամարդ է, մյուսը՝ Զապորոժիեից նորածին երեխա:

«Երեխան մեկուկես ամսական էր: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպը: Մահացել է նաև Ժիտոմիրի տարեց բնակիչ», - նշել է Արտեմչուկը:

Նա ընդգծել է, որ բացի այս երկու դեպքից՝ երկրում մինչ այս պահն արձանագրված է գրիպի հետևանքով մահվան 19 դեպք:

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանում գրիպի H1N1 վիրուսի («խոզի գրիպ») բարդացման հետևանքով 10 ամսական երեխա էր մահացել: Սա Վրաստանում H1N1 վիրուսի մահվան արդեն 16-րդ դեպքն էր: