Իսպանիայում փրկարարները հայտնաբերել են մոտ 110 մետր խորությամբ փոսն ընկած երեխայի «կենսաբանական հետքերը»
Իսպանիայի Մալագա քաղաքի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են 3 օր առաջ մոտ 110 մետր խորությամբ և 25 սանտիմետր լայնությամբ փոսն ընկած 2-ամյա երեխայի «կենսաբանական հետքերը», գրում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել Տոտալան գյուղի շրջակայքում:
«Մենք փոսի մեջ գտել ենք երեխայի կենսաբանական հետքերը, հետևաբար՝ համոզված ենք, որ նա ներսում է»,- ասել է կենտրոնական կառավարության պաշտոնյա Մարիա Գոմեսը:
Quotidiano.net կայքի հավաստմամբ՝ խոսքը մազափնջի մասին է: Հետազոտությունը հաստատել է, որ դրանք Յուլեն անունով երեխային են պատկանում:
Փրկարարներն արդեն 4-րդ օրն անընդմեջ աշխատում են դեպքի վայրում: Նրանք թունելներ են փորում՝ հասնելու համար այն հատվածին, որտեղ, հավանաբար, ընկել է երեխան: Ենթադրվում է, որ նա 80 մետր խորության վրա է: Ավելի վաղ փոսում կոնֆետի թղթեր էին հայտնաբերվել, սակայն այնտեղ իջեցված տեսախցիկը չէր հայտնաբերել երեխային:
Ինչպես նշում է quotidiano.net-ը՝ սա մրցավազք է ընդդեմ ժամանակի, և ամբողջ Իսպանիան շունչը պահած սպասում է զարգացումների:
Հայտնի է, որ փոսը փորվել է դեկտեմբերին՝ ստորգետնյա ջուր գտնելու հույսով, սակայն հետագայում չի փակվել:










