Կոլումբիայում ոստիկանական ակադեմիայի տարածքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը 21-ի է հասել (լուսանկարներ, տեսանյութեր)

10:49 • 18.01.19

Հունվարի 17-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ոստիկանական ակադեմիայի տարածքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 21-ի է հասել, ևս 68-ը վիրավորվել են, հաղորդում է timesnownews.com-ը՝ նշելով, որ սա վերջին 16 տարում երկրում տեղի ունեցած ամենաողբերգական պատահարն է: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին:

Բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից 58-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո արդեն դուրս են գրել:


Հիշեցնենք
, որ 80 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենան բախվել էր ոստիկանության ակադեմիայի շենքի պատին և պայթել: Կոլումբիայի իշխանությունները հաստատել են, որ վարորդը 57-ամյա Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգեսն է, որը նույնպես զոհվել է: Պայթյունը տեղի է ունեցել ակադեմիայում ավարտական արարողության ավարտից մի քանի րոպե անց:

Երկրի նախագահ Իվան Դուկեն ողբերգության առնչությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Ահաբեկչության պահին նա աշխատանքային այցով երկրի արևմտյան շրջաններում է գտնվել և լուրն իմանալուց հետո անհապաղ վերադարձել է մայրաքաղաք՝ անձամբ վերահսկելու ոստիկանական գործողությունները: