Մեծ Բրիտանիայում մահվան օրն աշակերտներին հրաժեշտի նամակ թողած ուսուցչի դագաղն աշակերտների արած նկարներով են պատել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսության Բաթ քաղաքում տեղի է ունեցել տարրական դպրոցի տնօրեն Սյու Իսթի հուղարկավորությունը: Դպրոցի աշակերտները սիրելի ուսուցչի դագաղը զարդարել են իրենց արած նկարներով, գրում է Daily Mail-ը:
Սյուն մահացել է 58 տարեկանում՝ քաղցկեղից: Մահվան օրը նա աշակերտներին նամակ է թողել, որում գրել է իր մոտալուտ մահվան մասին և շնորհակալություն հայտնել ջերմ վերաբերմունքի ու բարեկամության համար: Լավատեսական նամակի վերջում տնօրենը հիշեցրել է երեխաներին, որ կյանքի ցանկացած իրավիճակում, որքան էլ այն դժվար լինի, որևէ մոգական բան կա:
Սյուի հուղարկավորությանը 700 մարդ է ներկա գտնվել: Նրա նախկին և ներկա աշակերտները երգել են հուղարկավորության ժամանակ, իսկ հանգուցյալի դագաղը զարդարված է եղել աշակերտների արած նկարներով:
Աշակերտները Սյուին նկարագրել են որպես բարի և հոգատար ուսուցչուհու, որը սովորեցրել է իրենց հավատալ սեփական ուժերին:















