Էջմիածնի 40-ամյա բնակիչը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, հարվածել՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով. գործը դատարանում է

11:20 • 18.01.19

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության  մեջ, վիճել նրա հետ և բռունցքներով ու ոտքերով հարվածելով՝ պատճառել մարմնական ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: