Մեծ Բրիտանիայում կինն ավելի քան երկու շաբաթ չի իմացել իր կերակրափողում մնացած հաբերի փաթեթի մասին

16:23 • 18.01.19

Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի բնակչուհին երկու շաբաթից ավելի չի իմացել, որ իր կոկորդում ցավազրկող հաբերի պլաստիկ փաթեթ կա:


Ինչպես գրում է BMJ Case Reports ամսագիրը, կինը դիմել է հիվանդանոց ու գանգատվել, որ օտար մարմնի առկայություն է զգում կոկորդում: Նրա խոսքով՝ խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ նա ցավազրկող է խմել գիշերը:

Հետազոտությունից հետո բժիշկները եկել են եզրակացության, որ կինը դեղահաբն ընդունելու ժամանակ «քերծել» է կոկորդը: Նրան խորհուրդ են տվել կրկին դիմել իրենց, եթե ևս երկու օրից ախտանշանները շարունակեն անհանգստացնել:

Երեք օր անց բրիտանուհին նույն գանգատներով կրկին հիվանդանոց է գնացել և այս անգամ երկու օր անցկացրել այնտեղ: Հինգ օր անց նրան կրկնակի հետազոտության են ենթարկել: Հետաքրքրական է, որ ռենտգենը որևէ կասկածելի բան չի հայտնաբերել:

Ի վերջո, կնոջն ուղարկել են ստամոքսադիտման, և այս անգամ մասնագետները նրա կերակրափողում հաբերով լի պլաստիկ փաթեթ են հայտնաբերել: Պարզվում է՝ կինը պատահաբար կուլ է տվել այն: Փաթեթը բրիտանուհու օրգանիզմում է մնացել 17 օր: