ԱՄՆ-ի սահմանն ապօրինաբար հատած շուրջ 400 ներգաղթյալ է ձերբակալվել. CNN

12:52 • 18.01.19

Այս շաբաթ ԱՄՆ-ի սահմանապահ զորքերի կողմից ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանն ապօրինաբար հատած շուրջ 400 ներգաղթյալ է ձերբակալվել, գրում է CNN-ը՝ 4 տարբեր աղբյուրի հղումով:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Արիզոնա նահանգի Յումա ծայրամասային քաղաքում: Խմբի մեծ մասը գվատեմալացիներ են եղել: Ազգային սահմանապահ վարչության նախագահ Բրենդոն Ջուդի խոսքով՝ այս անգամ տարածքում ձերբակալությունների թիվն անսովոր կերպով բարձր է: Հայտնի է, որ ներգաղթյալները փորձել են փշալարի տակով ամերիկյան կողմ անցել:

«Նրանք պարզապես փորել էին փշալարի տակ: Ի տարբերություն սահմանի շատ տարածքների՝ Յումայում շատ ավազային հատվածներ կան, որտեղ հեշտ է փոսեր փորելը»,- ասել է Ջուդը:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում ապաստան փնտրող ներգաղթյալների թվաքանակի կտրուկ աճով պայմանավորված՝ աճել են նաև սահմանին ձերբակալության դեպքերը: Նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթը կանխելու լուծումը սահմանին պատի կառուցումն է համարում, ինչը նրա նախընտրական խոստումներից է:


Այս առնչությամբ դեկտեմբերի 22-ից Միացյալ Նահանգների կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը: «Շաթդաունի» պատճառն այն է, որ Կոնգրեսում դեմոկրատները հրաժարվել էին ընդունել բյուջեի նախագիծը, որով Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար ավելի քան 5 մլրդ դոլար է նախատեսվում: