Բուլղարիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 43 մարդ է ձերբակալվել

03:57 • 19.01.19

Բուլղարիայի հատուկ ծառայությունները միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում անցկացրած հատուկ գործողությունների ընթացքում 43 մարդու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ BTA գործակալությանը հղումով:

Նշվում է, որ հակաահաբեկչական գործողություններն անցկացվում են բուլղարական յոթ քաղաքում, այդ թվում՝ մայրաքաղաք Սոֆիայում:

Քննիչների խոսքով՝ երկրում գրանցվել էին «խոշոր դրամական փոխանցումներ», որոնց համար օտագործվել է «հավալա» համակարգը (անօրինական ֆինանսական հաշվառման համակարգ): Հատուկ գործողության արդյունքում առգրավվել է շուրջ 32 հազար եվրո, մի շարք փաստաթղթեր և հանցանքի այլ ապացույցներ:

Սոֆիայում ձերբակալվել է գլխավոր կասկածյալներից մեկը, որը Բուլղարիայում բնակվող Սիրիայի քաղաքացի է: Նշվում է, որ նա կապ է ունեցել մարդկանց հետ, որոնք, ենթադրաբար, ֆինանսական ու լոգիստական աջակցություն էին ցուցաբերում միջազգային ահաբեկչական կազմակերպություններին: