Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը Ֆրանսիայում ապաստան ստանալու հայտ է ներկայացրել

02:59 • 19.01.19

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի կինը՝ Գրեյս Մենը, Ֆրանսիայում ապաստան ստանալու հայտ է ներկայացրել, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով France Info ռադիոկայանին:

«Ինձ պետք է, որ ֆրանսիական կառավարությունը պաշտպանի և օգնի ինձ ու իմ երեխաներին», - նշել է Գրեյս Մենը:

Կնոջ խոսքով՝ նախորդ տարվա հոկտեմբերին իրեն փորձել են առևանգել: «Ինձ առևանգելու այդ փորձից հետո ես նախազգուշացրել եմ ոստիկանությանը, որի պաշտպանության տակ էի գտնվում իմ 7-ամյա երեխաների հետ», - հայտնել է նա:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ֆրանսիական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ներկա պահին Գրեյս Մենը բնակվում է Լիոնում, որտեղ էլ գտնվում է Ինտերպոլի շտաբ-բնակարանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի տարածքը լքած Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեյն անհետացել է: Ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են սկսել այդ առիթով: Մենի անհետացման մասին հայտնել է նրա կինը:

Ավելի ուշ Չինաստանում հասարակական անվտանգության նախարարությունից հայտնել են, որ Մենը Չինաստանում կասկածվում է մի շարք օրինախախտումների ու մասնավորապես՝ կաշառք վերցնելու համար: