ԱՄՆ-ում գողացել են Բեթմենի մասին կոմիքսների՝ 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն

11:10 • 19.01.19

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի պահեստներից մեկից գողացել են Բեթմենի մասին պատմող 450 կոմիքսից բաղկացած, 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն, հաղորդում է New York Times-ը:

Հավաքածուի տեր Ռենդի Լոուրենսը գողությունը հայտնաբերել է հունվարի 9-ին և անմիջապես դիմել ոստիկանություն: Նրա խոսքով՝ միակ մարդը, որ կարող էր տեսած լինել, թե ինչպես է ինքը հավաքածուն դնում տուփի մեջ, պահեստում նորոգման աշխատանքներ իրականացնող բանվորն է, որն այդ ժամանակ կոմիքսների մասին խոսք էր բացել:

Պահեստի կողպեքը կոտրված չի եղել, սակայն արկղերը տեղից շարժված են եղել, իսկ առաստաղից թոկ է կախված եղել, ինչը թույլ է տվել տուժածին ենթադրել, որ գողը տանիքից է ներս մտել:

Գողությունը հայտնաբերելուց հետո Լոուրենսը համացանցում գրառում է արել՝ խնդրելով հավաքածուն տեսնողներին օգնել իրեն:

«Այդ կոմիքսներն իմ երեխաներն էին, ես երկար ժամանակ քրտնաջան աշխատել ու ինձ շատ բաներից էի զրկել, որպեսզի հավաքեի դրանք, դրա համար էլ հավաքածուի կորուստն ինձ համար սարսափելի հարված է: Ինձ հարկավոր է, որ դուք շատ ուշադիր լինեք: Վաղ թե ուշ գողն ինչ-որ մեկին կառաջարկի գնել դրանք»,- ասվում է  գրառման մեջ:

Համաձայն հրապարակված ցուցակի՝ հավաքածուն ներառում է «Բեթմենի» ամենավաղ՝ 1940-ականներին հրատարակված կոմիքսները: