Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ (տեսանյութեր)

10:06 • 19.01.19

Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 71-ը տուժել են, գրում է CNN-ը:

Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավելի քան 350 տեղացիներ հավաքվել են՝ տարաներով վառելիք գողանալու: Ողբերգության վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և Pemex ընկերության ներկայացուցիչները, որին պատկանում է խողովակաշարը:

«Ես կարգադրել եմ նահանգի ՆԳ նախարար Սիմոն Վարգասին օգնել տուժածների ընտանիքներին: Դաշնային կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցներով աջակցում է մեզ, որպեսզի կառավարենք իրավիճակը»,- թվիթերյան իր էջում գրել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը:

Բնակիչները տարհանվել են պատահարի վայրից, տարածքն արգելափակված է: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 4 ուղղաթիռ:

Տարվա սկզբից Մեքսիկայի նոր իշխանությունները պայքարում են վառելիքի ապօրինի յուրացման դեմ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, կառավարությունը դադարեցրել էր մի քանի խողովակաշարերով բենզինի տեղափոխումը, որպեսզի խուսափեր դրա ապօրինի յուրացումից, և սկսել էր վառելիքը ցիստեռններով մատակարարել: