Ապրիլ-մայիսից հետո ոստիկանության որդեգրած մեղմ քաղաքականությունը բերեց ՃՏՊ-ների ավելացման. «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր (տեսանյութ)
Վերջին 10 տարիներին մեքենաների քանակը բազմապատկվել է 2-2.5 անգամ: Եթե 10 տարի առաջ 10, 15, առավելագույնը 20 հազար մեքենա էր ներկրվում, ապա 2018 թ. 70 հազարից ավելի մեքենա է ներկրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը նկատում է, որ մեքենաների թվաքանակի ավելացմանը զուգահեռ նոր ճանապարհներ մայրաքաղաքում շատ քիչ են կառուցվել:
«Միայն Մոնթե Մելքոնյան փողոցն է երևի: Պետք է ինչ-որ ժամանակ գա, որ մեքենաները չտեղավորվեն ճանապարհների վրա: Քանի որ մեքենաների թվաքանակը գաղտնի է, մոտ 550 հազար մեքենա է, կեսից ավելին Երևանում է կենտրոնացված: Ամեն օր 350-400 մեքենա է Երևանում երթևեկում, և դրան գումարվում է վարորդական վկայականների ստանալու ձևերը, անփորձ վարորդներ: Այս ամենը հանգեցրեց վթարների շատացմանը, ՃՏՊ-ների քանակի ավելացմանը»,- նշեց նա:
ԱՊՊԱ բյուրոյի տվյալներով՝ 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ հատուցումները կազմել են 76 տոկոս, իսկ 2017 թ. 11 ամիսների կտրվածքով նույն ցուցանիշը 63 տոկոս է եղել: Իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2018 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 61 հազար՝ 2017 թ. 53 հազարի համեմատ:
«Միանշանակ ասել, որ մեքենաների քանակն է դեր խաղում ՃՏՊ-ների ավելացման հարցում, սխալ է: Տուգանքների քանակը նվազեց այս ընթացքում քանակական տեսանկյունից: Խախտումներ չարձանագրելը հանգեցնում էր նաև այլ վթարների: Ապրիլ-մայիսից հետո ոստիկանությունը որդեգրեց մեղմ քաղաքականություն, և դա բերեց որոշ վարորդների՝ օրենքից դուրս նայելուն: Խախտում անող վարորդներն ասում են՝ մենք հեղափոխություն ենք արել, որ մեզ տուգանեք: Այսինքն՝ մեղմ քաղականություն կոչվածը մարդիկ այլ կերպ ընկալեցին»,-նշեց նա:










